Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ և Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ

loading...
 

ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրությանը նվիրված նիստը, որին մասնակցում են 105 պատգամավորներից 100-ը: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի նիստում իր ելույթը սկսեց շնորհավորանքով՝ Շուշիի հաղթանակի 26-րդ տարեդարձի առիթով՝ նշելով, որ ժողովրդական պայքարի հաղթանակը պետք է ամրագրվի հենց այսօր:

«Հայաստանի ժողովուրդն այսօր այնքան ոգևորված է, որքան Շուշիի ազատագրման օրը, Հայաստանի ժողովուրդն այսօր առավել քան երբևէ վստահ է իր ուժերին, Հայաստանի վարկանիշն այսօր առավել քան երբևէ բարձր է, և մենք պետք է կարողանանք այդ հանգամանքը ծառայեցնել ի շահ Հայաստանի և Արցախի»,- ասաց Փաշինյանը:

Նա իր ելույթում դիմեց նաև արցախցիներին՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ միայն ոչ մի վտանգ չի պարունակում Արցախի համար, այլև նոր դուռ է բացում Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար:

«Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով բանակցային երրորդ կողմի՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, ինչը, նրա հիշեցմամբ, նաև ԵԱՀԿ պայմանագրերով հաստատված պայման է :

Անդրադառնալով ձևավորվող կառավարության ծրագրի հիմնական կետերին՝ Փաշինյանը նշեց.

«Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ձևավորել է ազգային միասնություն: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրություն չի կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, մենաշնորհներ չեն լինելու, մարդու իրավունքներ պաշտպանված են լինելու, կոռուպցիան արմատախիլ է արվելու, Հայաստանում տիրելու է օրենքի գերակայություն»:

Հայաստանի տնտեսական զարգացման համար Փաշինյանն առանձնացրեց երեք հիմնական բնագավառ՝ ՏՏ ոլորտը, որի նպատակը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, գյուղատնտեսությանը, որի զարգացման համար անհրաժեշտ է գյուղացուն ազատել վարկային անտանելի բեռից ու հարկային արտոնություններ սահմանել, երրորդ պայմանը Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումն է ու զբոսաշրջության զարգացումը: Իսկ դրա համար, Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է հանրապետությունում հաստատել այնպիսի սպասարկման մակարդակ ու միջավայր, որը հարիր է վերջին մեկ ամսում Հայաստանի ձևավորած միջազգային վարկանիշին:

Այս ամենն, ըստ Փաշինյանի, արվելու է առանց վենդետաների, քաղաքական ու տնտեսական հետապնդումների ու կադրային ջարդի: Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ արտագաղթի անիվը շրջվելու է, հայրենիքից հեռացած քաղաքացիները վերադառնալու են Հայաստան:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին , Փաշինյանը վերահաստատեց ԵԱՏՄ-ի ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակության ու խորացման մասին նախկինում արած հայտարարությունը:

Միաժամանակ նա կարևորեց ԱՄՆ-ի հետ կապերի նոր մակարդակի հաստատումը, Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ կապերի խորացումը:

loading...