Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակում է

loading...
 

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Օդանավակայանում նրան դիմավորեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Սերժ Թանկյանի այցի մասին և նշել, որ օդանավակայանից նրանք գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթներ են ունենալու: 

Հայտնենք նաև, որ վերջին շրջանում «Իմ քայլը» նախաձեռնության հռչակած թավշյա հեղափոխության ընթացքում խոսվում էր Սերժ Թանկյանի այցի մասին, ով իր աջակցությունն էր հայտնել շարժմանը:



Լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը Հայաստանում տեղի ունեցածը գեղեցիկ հեղափոխություն անվանեց:

«Ժամանակը եկել էր, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել նրան»,-ասաց նա:

Աշխարհահռչակ երաժիշտը հավելեց, որ երկու շաբաթ չեն քնել, հետևել են, ու հավատացրեց՝ ամբողջ սփյուռքահայությունը հոգով-սրտով հայաստանցիների հետ է: 

Նա ասաց, որ իր համար երազանք էր այս հաղթանակը՝ երազանք, որն իրականացել է:

Թանկյանն ասաց, որ լուրջ հույսեր կան՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված:

«Մեր ժողովրդի թեկնածուն է, և միշտ աչքներս նրա վրա կպահենք, որ վստահ լինենք, որ մեզ չի հուսահատեցնի, բայց ինքը արդեն ժողովրդից ծնած է:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ Սերժ Թանկյանի հետ առաջին անգամ է հանդիպում, թեև հեռախոսով զրուցել է շարժման օրերին:

«Մեր շփման հենց առաջին պահին շփվում ենք ինչպես հին բարեկամներ ու եղբայրներ, ու վստահ եմ՝ այդպես էլ կշարունակվի»,- ասաց նա:

Հարցին՝ թե արդյոք վարչական լծակը կօգտագործի, որպեսզի Թանկյանը համերգ տա, Փաշինյանն ասաց, որ վարչական լծակների էջը փակվել է:  

 

loading...