Ինչպես կասեցնել օրգանիզմի ծերացումը․ հետազոտություն

loading...
 

Ֆիզիկական վարժություններն օգտակար են գրեթե բոլոր մարդկանց համար, բայց պարզվել է, որ հատկապես օգտակար են բարձր ինտենսիվության ծանրաբեռնվածությունները՝ աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկի՝ Mayo Clinic-ի հետազոտողները պարզել են, որ դրանք կարող են կասեցնել ծերացումը բջջային մակարդակի վրա։

Cell Metabolism  ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ բարձր ինտենսիվության մարզանքների ժամանակ տեղի է ունենում ցածր ու բարձր ակտիվության հերթագայություն, որը ուժեղացնում է միտոխոնդրիալ պրոցեսները, որոնք էլ իրենց հերթին նպաստում են էներգիայի ազատմանն  ու գործարկում են բջիջների աճը։ Տարիքի հետ մեկտեղ այդ պրոցեսները դանդաղում են, բայց կանոնավոր մարզանքներն ունակ են արագացնել դրանք։

Հետազոտությանը մասնակցել է 36 կին ու 36 տղամարդ, որոնք երկու տարիքային կատեգորիաների էին պատկանում՝ 18-30 ու 65-80 տարեկան։ Բոլոր կամավորներին բաժանել են չորս ենթախմբերի՝ առաջին ենթախումբը մարզվում էր հեծանիվներով՝  բարձր ինտենսիվությամբ ու  ինտերվալային պարբերականությամբ, երկրորդը կատարում է ուժային վարժություններ, երրորդի մասնակիցները նախորդ թիմերի առաջադրանքներն էին կատարում, իսկ չորրորդը, հսկիչ խումբը, չէր մարզվում։

12 շաբաթ անց գիտնականները ստուգել են յուրաքանչյուր տարիքային կատեգորիայի կամավորների միտոխոնդրիալ ակտիվությունը։ Պարզվել է, որ կրտսեր տարիքային խմբի մասնակիցների մոտ այն աճել էր 49 տոկոսով, իսկ ավագ խմբում՝ 69 տոկոսով՝ նրանց բջիջները նույնքան էներգիա էին արտադրում, որքան  երիտասարդ մարդկանց բջիջները։ Բացի դրանից, մարզանքները լավացնում էին օրգանիզմի ընկալունակությունը ինսուլինի հանդեպ, ինչի շնորհիվ դիաբետի զարգացման հավանականությունը զգալիորեն նվազում էր։

Ամերիկացի հետազոտողները, հիմք ընդունելով փորձի արդյունքները, խորհուրդ են տալիս բջիջների ծերացման դեմ պայքարել ամենահասարակ ու հասանելի միջոցով՝ ֆիզիկական ակտիվության օգնությամբ։ Դրա համար բավական է շաբաթական 3-4 օր նվիրել բարձր ինտենսիվության մարզանքներին, իսկ մի քանի օր էլ՝ ուժային վարժություններին։

 

loading...